Tag Archives: Վանի ինքնապաշտպանություն

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մայիսյան հաղթանակների 90-ամյակի մոտենալը նորից ստիպեց անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ծննդյան հետ կապված իրադարձություններին ¨ այդ առումով ամենից ծանրակշիռ դերը անշուշտ պատկանում է Արամ Մանուկյանին:
Արամ Մանուկյան անունը սովորաբար ասոցացվում է 1918թ.-ի իրադարձությունների հետ, մասնավորապես, Մայիսյան հերոսամարտերի ժամանակ թիկունքում նրա կատարած հերոսական աշխատանքի հետ: Բայց Արամ Մանուկյանի մասին այդքան ասել և անցնելը սխալ կլինի: Առանց խորամուխ լինելու դա ասելը ընկալելի չի լինի: Այս հոդվածում կփորձենք անդրադառնալ Արամ Մանուկյան կերպարին իր ամբողջության մեջ, ներկայացնել նրա բնավորության տարբեր կողմերը և նրա մասին արտահայտված կարծիքները: Արամ Մանուկյանը այն քաղաքական-պետական գործիչն է, ում մասին կարելի է գրել անվերջ: Ճիշտ է, նրա հատկապես այդ շրջանի գործունեությունն է հայտնի լայն շրջանակներին, բայց ևս խորամուխ չեն լինում նրա գործունեության մանրամասնությունների մեջ, թե ինչպես կարողացավ նա իր հաստատակամ բնավորությամբ ամուր պահել ազգի հավատը դեպի հաղթանակ և նրան դեպի հաղթանակ գնալու ճանապարհ ցույց տալ: Արամ Մանուկյանին մյուս հայ հերոսների հետ համեմատելուց առանձնապես շեշտը դրվում է նրա անհատական կողմերի, նրա բնավորության գծերի, նրա խելացի և առաջնորդ լինելու ձիրքերի վրա: Պետք է դիտարկել այդ երևելի մարդու գործունեության հետ կապված մի շարք իրադարձություններ և փորձել պարզաբանել, թե նա ինչպես էր կարողանում ազդել իրադարձությունների ընթացքի վրա:
Հոդվածը գրելիս որպես տեղեկատու օգտվել եմ Դաշնակցություն կուսակցության հրատարակած «Արամը» գրքից:
Արամ Մանուկյանը ծնվել է (իսկական անուն ազգանունը` Սարգիս Հովհաննիսյան) 1879թ.-ին Ղափանի շրջանի Զեյվա գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Շուշի քաղաքի ծխական դպրոցներից մեկում: Դպրոցից հեռացվելուց հետո ընդունվում է Երևանի թեմական դպրոցը, որն ավարտում է 1901թ.-ին:
Այնուհետև տեղափոխվում է Բաքու, ուր սկսում է առավել ակտիվ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Նույն գործունեությունը նա շարունակում է Կարսում: Նա ստանձնում է «քարոզչական գործի ղեկավարությունը»: Այստեղ արդեն նա դառնում է կենտրոնական դեմքը: Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով:  Սակայն անհաջողությունները սահմանի վրա (խմբերի անհաջողության մատնվելը և ջարդվելը) ազդում են Արամի վրա և չենթարկվելով Կարսի Կ. Կոմիտեի որոշմանը` թողնում է Կարսը և անցնում Արևմտյան Հայաստան: 1904-1908թթ.-ին նա գործում է Վանում, ապա Օրդու քաղաքում, զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել Ժնևում, 1910թ.-ին նորից վերադարձել է Վան, եղել է Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը: Կազմակերպել և ղեկավարել է 1915թ.-ի Վանի հերոսամարտը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը: Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականից հայության գաղթը դեպի Արևելյան Հայաստան: 1916-1917թթ.-ին աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային Բյուրոյում: 1917թ.-ին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան: Կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար: Գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտված էր լայն  լիազորություններով, իսկ 1918թ.-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում Մանուկյանը ընտրվել է դիկտատոր: Կառավարության դերը կատարում էր վարիչների մարմինը, որի նախագահը  և զինվորական գործերի վարիչն էր Արամը: Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև հուլիսի 23-ը: Նոր կառավարության մեջ նա զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը և այն վարել է մինչև մահը` 1919թ.-ի հունվարի 29-ը:
Այսպիսին է համառոտ կենսագրությունը Արամ Մանուկյանի: Այս համառոտ կենսագրության  տակ թաքնված են հսկայական ջանքեր և նրա կյանքի ամեն մի հատվածը եղել է հսկայական մաքառումների, պայքարի մի թատերաբեմ, որից նա միշտ պատվով է դուրս եկել:
Արամը եղել է շատ ընդունակ և հաջողակ երեխա: Չնայած նյութական դժվարություններին` նա  աչքի էր ընկնում իր ջանասիրությամբ ու հաջողությամբ ուսման մեջ, մշտապես գտնվում էր ուսուցիչների և աշակերտների ուշադրության կենտրոնում: Հենց այդ ակտիվության «շնորհիվ» էր նա հեռացվել դպրոցից, որ դուր չէր եկել տեղական մարմիններին, մանավանդ որ նա իր այդ տարիքում Դաշնակցության համոզված գաղափարախոս էր:
Վաղ հասակից անդամակցելով Դաշնակցություն կուսակցությանը` նա ամբողջ կյանքում անմնացորդ նվիրվեց այդ գաղափարների կենսագործմանը: «Մեր կուսակցության մեջ ոչ ոք Արամի աստղը չունի»,-գրել է Սարգիս Օհանջանյանը:
«Արամը Դաշնակցության զավակն էր, ճիշտ այնպես, ինչպես Դաշնակցությունը, իբրև բարոյական հակա ուժ, ամենից առաջ հայության զավակն է»,-գրել է Օնիկ Մխիթարյանը:
Արամի կյանքի պատմությունը դա Դաշնակցությանն անդամակցած մի հայրենասեր մարդու կենսագրություն էր. այդ կուսակցության մեջ թրծվում էին Արամի պես անհատներ և իրենք էլ իրենց գործունեությամբ նպաստում էին կուսակցության հզորացմանը:
Արամի վաղ շրջանի գործունեության մասին ընթերցողների լայն շրջանին քիչ բան է հայտնի: 20-րդ դարի սկզբին ռուսաց քաղաքականությունը հայոց եկեղեցու և ոչ միայն եկեղեցու հանդեպ կոշտանում է: Այս շրջանում իրենց գործունեությամբ ասպարեզ են մտնում մի շարք հայրենանվեր գործիչներ: Նրանցից էր Արամը:
Արամը առաջիններից էր, որ խոսեց ռուսաց կառավարության դեմ կռվի անհրաժեշտության մասին:  Այդ ուղղությամբ Արամի գործունեությունը չի սահմանափակվում միայն Բաքվում: Նա անցնում է Գանձակ, ապա` Թիֆլիս, Ալեքսանդրապոլ, Կարս: Ամեն տեղ կատարված բոլոր քաղաքական ըմբոստությունների ոգին Արամն էր: Կարսի Կ. Կոմիտեի շրջանում Արամն իր գործունեությամբ դառնում է կենտրոնական դեմքերից մեկը: Կարսում Արամը մի կողմից զբաղվում է տեղական կուսակցական-կազմակերպչական գործերով, մյուս կողմից` զինական խմբերի պատրաստությամբ` Արևմտյան Հայաստան ճամփելու: Խմբերի մեծ մասը ջարդվում է սահմանի վրա, որը խիստ ազդում է Արամի վրա և նա անցնում է Արևմտյան Հայաստան:
Վանում հենց սկզբից Արամը դառնում է տեղի ամենաճանաչված գործիչներից մեկը եթե ոչ ամենաճանաչվածը:
Իր վճռական կեցվածով նա կարողանում է լուծել Վանի Դաշնակցական կոմիտեի միջև եղած տարաձայնությունները:
20-րդ դարի սկզբին Դաշնակցություն կուսակցությունը որդեգրել էր ընդհանուր ապստամբությունը` որպես պայքարի գլխավոր մարտավարություն: Եվ Արևմտյան Հայաստանի Դաշնակցության տեղական մարմինները լծվում են դրան:
«Այս (ընդհանուր ապստամբության) ծրագրով էլ ձեռք զարկինք աշխատանքի Վասպուրականի շրջանում»,- գրել է Արամը:
Արամը և իր ընկերները Վասպուրականում եռանդուն գործունեություն են ծավալում բնակչության շրջանում: Մի շարք արմենական մտավորականներ նաև Արամի ջանքերի շնորհիվ հարում են Դաշնակցությանը: Դաշնակցության տեղի կոմիտեն ազդեցիկ և  հեղինակավոր մարմին է դառնում Վանի բնակչության մեջ:
Կարդալով այս շրջանի մասին հուշագրություններ` եկել ենք այն եզրակացության, որ նա զուտ տեղական կուսակցական մարմին լինելուց Արամի շնորհիվ կարծես վերածվել էր մի տեղական իշխանության մարմնի: Նույնիսկ հայ, թուրք, քուրդ բնակչության մեջ վեճեր էր լուծում: Արամի երկար տարիների գործունեությունը մեծ նպաստ է բերում հայրենասիրական տարամադրությունների սերմանման համար Վասպուրականում: Ստեղծվում է մի նոր պայքարող սերունդ. պատահական չէր, որ Վան-Վասպուրականը Արևմտյան Հայաստանի այն քիչ վայրերից էր, որ մինչև վերջ պայքարելու օրինակ ցույց տվեց: Հերոսական դրվագներով էր հագեցված Վանի 1915թ.-ի ինքնապաշտպանությունը:
Արամը իր անձնական բարվոք կյանքի մասին հոգ չէր տանում և իր այդ գիծը չփոխեց անգամ այն ժամանակ, երբ ամենազոր դիկտատոր էր:
Ինչպես Վասպուրականում, նույնպես և Երևանում Արամը նույնանման անշուք սենյակում էր ապրում, երբ Արարատյան դաշտի և հարակից գավառների դիկտատորն էր: Սենյակ, հագուստ, ուտելիք ասված բառերը չէին հետաքրքրում նրան և այդ մասին հիշեցնողներին նա ասում էր. «Դատարկ բաներով մի մտահոգուիք»: Այդ գծով էլ Արամը Դաշնակցության հիմնադիր Երրորդության` Քրիստափոր–Զավարյան-Ռոստոմի հարազատ ժառանգն էր:
Արամ փաշա անունը նա չէր ընդունում և ընդհանուր առմամբ այդպիսի շքեղ բաների նկատմամբ անտարբեր էր: Երբ մեկ անգամ Երևանում տուն վերադառնալիս «Արամ փաշա» անվանումն է կարդում բնակարանի մուտքին, անմիջապես գրչահատով քերում է փաշա բառը:
1908թ.-ին Արամը իր մի շարք ընկերների հետ ձերբակալվում է, բայց օսմանյան հեղափոխությունը փրկում է նրանց:
Արամը, ըստ Վահան Փափազյանի, չէր քաշվում մտնել նաև թուրք պաշտոնական եւ անպաշտոն շրջանների մեջ: Նա նաև նշում է, որ Արամը մեծ հարգանք էր վայելում թուրք բարձրաստիճան զիվորականների և պաշտոնյաների մեջ:
Քուրդն ու թուրքը, ինչպես վկայում է Հմ. Մանուկյանը, նույնքան անվերապահորեն կարող էին Արամին մոտենալ, որքան հայ գյուղացին կամ իր մոտիկ բարեկամը:
Արամի կազմակերպչական շնորհի մասին խոսում են նրա բոլոր հուշագրողները և բացի այդ, նրա գործի արդյունքներից կարելի է դատել նրա այդ մեծ կարողության մասին:
Լինելով պատասխանատու մարդ` նա միշտ հասկանում էր իր վերցրած գործերի լրջությունը և իր աշխատանքը օրնիբուն էր և ամբողջ կրքով, խորամուխ էր լինում նույնիսկ երկրորդական, երրորդական հարցերի վրա:  Ամեն գործին մեծ նվիրումով էր մոտենում և այդ էր նրա հաջողության բանալին:
Վանի հերոսամարտի ամբողջ ծանրությունը Արամի վրա էր, ով Իշխանի և Վռամյանի կորստից հետո մնում էր միակ ապավենը ու ընտրյալ առաջնորդը Վասպուրականի պայքարող հայության:
Ռուսական զորքերի կողմից Վանի գրավումից հետո (1915թ. մայիս), ինչպես պատմում է դեպքերի ականատես Օնիկ Մխիթարյանը, Արամը մի քանի օրվա ընթացքում կարողացավ քաոսի ու ավերածության մեջ ստեղծագործական աշխատանքի լծել բոլորին: Արամը ռուսական զորքերի նահանջից հետո հայության գաղթի կազմակերպիչն էր, որի շնորհիվ Վասպուրականի բնակչության մեծագույն մասը փրկվեց թուրքական յաթաղանից:
Վանի հերոսամարտի ընթացքի արդյունքը հայտնի է. կարելի է ասել, որ այն Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած մյուս ինքնապաշտպանական կռիվներից տարբերվում էր իր կազմակերպվածությամբ և ժողովրդի համախմբվածությամբ և այն տվեց իր արդյունքերը:
Իսկ Արամի երևանյան գործունեության մասին շատ է գրվել:
Երևանի Ազգային խորհուրդը կյանք ստացավ միայն 1917թ.-ի դեկտեմբերի վերջերին, երբ Թիֆլիսից եկավ Հայ Ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ Արամը: Նա իր առաջին իսկ զեկույցում խոսեց սեփական ուժերին ապավինելու անհրաժեշտության մասին և առաջարկեց վերակազմել Ազգային խորհուրդը, ընտրել փոքրակազմ ու դյուրաշարժ մարմին: Դա միաձայն ընդունվեց և ընտրվեց (3 ամսով) հատուկ կոմիտե` տալով նրան գործելու կատարյալ ազատություն: Հենց առաջին նիստում Հատուկ կոմիտեն որոշեց զենքի տակ առնել մինչև 28 տարեկան բոլոր զինապարտներին:
Այսպիով, Արամը, 1917թ.-ի դեկտեմբերին Երան գալով, անհավատալի կարճ ժամանակում քաղաքում ստեղծեց մի մթնոլորտ, որը հագեցած էր աշխատանքով:
«Արամի կիրքը կարելի է համեմատել դինամիտի հետ, որ յուրաքանչյուր փոքրիկ շփմամբ կարող է պայթել և  դղրդացնել ամբողջ շրջապատը և համեմատել էլեկտրական կոճակի հետ, որ թեթևապես սեղմվելով կարող է լուսավորել անվերջ տարածություններ»,-գրել է Օնիկ Մխիթարյանը:
Արամը կարողանում էր տեսնել և կարդալ ապագայում սպասվող դեպքերը ևգիտեր մանավանդ պատրաստվել այդ ապագայի համար և դա իր մեծ դրական դերն էր կատարելու: Իրադարձությունների կանխատեսումը և լավ ընկալումը թույլ էր տալիս տվյալ պահին ճիշտ որոշում կայացնել:
Այս քայլերը և եռանդը անհրաժեշտ էին: Արամի համար պարզ էր, որ վաղ թե ուշ պետք է բախում լիներ թուրքերի հետ: Նա իրատեսորեն հույսը չէր դնում արտաքին օգնության վրա, այլ շատ եռանդուն քայլերով ժողովրդին պատրաստում էր դիմագրվելու ապագա փորձություններին: Մի քանի ամիս անց Արամի կանխատեսումները իրականացան, բայց, ի տարբերություն հայոց պատմության մյուս շրջանների, հայությունը պատրաստ էր, որովհետև իր գլխում ուներ Արամի պես առաջնորդ:
Արամը ամեն գործի մեջ էր կազմակերպող` ընդհուպ ամենահասարակ աշխատանքներից մինչև ժողովրդի պաշտպանությունը: Արամի համար երկրորդական գործ չկար: Նա ամեն գործի համար ժամանակ էր գտնում:
Էրզրումի անկման լուրի տակ Երևանի ազգաբնակչությունը ու զինվորականությունը մի բազմամարդ ժողովում որոշեցին Արամին հայտարարել դիկտատոր: Այսպիսով, մարտի առաջին օրերից սկսած Երևանի բովանդակ իշխանության մարմնացումը դարձավ Արամը: Ձեռք-ձեռքի տված Դրոյի, զորավար Սիլիկյանի ու Փիրումյանի, նահանգական կոմիսար Ս. Թորոսյանի, քաղաքական կուսակցությունների և կառավարական ու հասարակական մարմինների հետ` նա երևան բերեց արտակարգ եռանդ և ամենատագնապալի վայրկյանին ձեռնհասությամբ վարեց Արարատյան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը:
Երևանի կառավարչությանն, ի վերջո, հաջողվեց բացել ռազմագիտական նշանակություն ունեցող գլխավոր ճանապարհները, մաքրել խռովությունների բուն ծառայող մահմեդական վայրերը և որոշ կարգ ու կանոն հաստատել իրեն ենթակա շրջաններում: Նա միջոցներ ձեռք առավ դասալքության և ավազակությունների դեմ: Նրա տրամադրության տակ կային 10-12 հազար մարզված ու բավական կարգապահ զինվորներ: Ֆինանսական դրությունը կարգավորելու համար պարտադիր տուրք դրվեց ժողովրդի վրա, որը տալիս էր անտրտունջ:
«Երբեք, գուցե, հայ կյանքում իշխանությունն ու հասարակությունը այնպիսի համերաշխ միություն չէին կազմել, քան 1918թ.-ի գարնան և ամառվա պատմական ամիսներին»,-գրել է Սիմոն Վրացյանը:
Այստեղ պետք է անդրադառնալ մի հարցի: Ամեն ժամանակ էլ ժողովուրդն իր ծանր վիճակում դժգոհում էր օրվա իշխանություններից, բայց 1918թ.-ի այդ վճռական ժամանակաընթացքում, որ ամենից աղետաբերն էր, դրսևորեց կամքի ուժ և համախմբվածություն: Ժողովուրդը հասկացել էր, որ այդ զոհողություններին նա գնում է հայրենիքի համար, ժողովուրդը տեսնում էր, որ իրեն ղեկավարողը մի առաջնորդ էր, որ չուներ անձնական բարվոքություն, ով օրնիբուն աշխատում էր: Դա հասկանալով` նա վճռական պահին կանգնեց Արամի կողքին և ամեն հարցում օժանդակեց նրան ընդհանուր գործի հաջողության համար, ինչը հայոց պատմության այլ դեպքերում չի եղել: Այստեղ չափազանց մեծ նշանակություն ուներ Արամի անձնական հատկանիշները, որ կարողացավ ժողովրդին մի կուռ ընտանիք դարձնել: Ըստ իս` սա է Արամի կյանքի ամենամեծ գործը:
Արամը աչքի էր ընկնում իր համառությամբ և նպատակին հասնելու անխոնջ ձգտումով: 1918թ.-ի աղետալի իրադարձությունների ժամանակ, երբ բոլորը հիասթափված էին, նա էր, որ կարողացավ հույս ներշնչել ժողովրդին և նրան պայքարի հանել: Դժվար իրավիճակը երկրում երբեք չհուսալքեց Արամին: Նա վստահ էր հաղթանակին և ոչ մի անգամ չդրսևորեց որևէ հուսալքության նշան, ինչը շատ կարևոր էր:
Արամը արտակարգ վարպետ էր մարդկանց մոտենալու, նրանց հետ լեզու գտնելու և գործի մղելու արվեստի մեջ: Արամի այդ գիծը փրկարար դեր կատարեց Երևանում` Հայաստանի Հանրապետության հիմնադրության նախօրեին:
«Նա պատրաստված հռետոր չէր, բայց երբ խոսում էր, այլևս ոչ մի առարկություն չէր լսվում: Այդ խոսքի մեջ անկեղծության, հավատքի և տրամաբանության այնպիսի որակ և քանակ կար, որով նա կարող էր կատաղած ամբոխները զսպել և հուսալքված բազմությունները կատաղեցնել»,- ասվել է Արամի մասին:
Նա գիտեր մարդկանց հրամայեր, որ գնան մեռնելու:
«Նրա կազմակերպչական ուժն այնքան տիրական էր, որ ոչ ոք չէր կարող ընդդիմանալ: Երբ նա խնդրում էր, կարծես հրամայում էր»,-գրել է Օնիկ Մխիթարյանը:
Եվ այդ խոսքի հզորությունն այն էր, որ բոլորը և նաև Արամը գիտակցում էին, որ այդ խոսքերը ծնվել են այն մարդու գլխում, ով անհեթեթ բաներ չէր կարող ասել: Նրա բոլոր քայլերը արդեն ցույց էին տվել, որ նա փորձառու է իր գործում:
Արամի հանդեպ սովորական տրամադրություններ ու միջակ համակրություններ չկային: Կամ նրան պաշտում էին կամ ուզում էին սպանել նրան:
Արամը անխնա էր ավազակների, թալանչիների նկատմամբ, նույնիսկ Չոլախ Գևորգը, որ աչքի ընկնող դաշնակցական էր և կողոպուտով ու շահատակություններով էր զբաղվում հայ ժողովրդի համար բախտորոշ օրերին, չխուսափեց պատժից` նա գնդակահարվեց Արամի հրամանով: Երբ Գևորգի տղաներից մեկը հարց տվեց, թե օրը ցերեկով փողոցում կարե՞լի էր գնդակահարել, Արամը պատասխանեց, թե ով որ ներկա բացառիկ ծանր պայմաններում չի ենթարկվի իշխանությանը ու կհետևի Գևորգի օրինակին, նույնպես կգնդակահարվի:
Երբ Եղվարդ գյուղը հրաժարվեց հաց տալ զորքի համար, Արամի հրամանով գյուղը ռմբակոծվեց, որից հետո գյուղը կատարեց իր պարտավորությունները:
Դրա հետ միասին Արամը անսահմանորեն անկեղծ էր դեպի բարեկամն ու դեպի թշնամին: «Անկեղծությունը Արամի հաղթությունների ու պարտությունների պատճառն ու հետևանքն էին միաժամանակ»,- նշում է Օնիկ Մխիթարյանը` մատնանշելով նաև Արամի բարության մասին:
Արամի ներկա լինելը պարտադիր էր որևէ գործ գլուխ բերելու համար: Նա ուղեցույց էր դեպի հաղթանակը:
Երբ Արամը վեճ էր ունեցել Դրոյի հետ և երկու-երեք օրով հեռացել էր իր գործերից, քաղաքում խառնաշփոթություն էր առաջացել, նույնիսկ պատվիրակություն ուղարկվեց նրա մոտ:
Հայրենիքի համար մինչև վերջ պայքարելու հաստատակամությունը երևում է հետևյալից:
Երբ Երևանը վտանգի մեջ էր և սպասվում էր, որ այն կգրավվի, շատերը խոսում էին Արամին քաղաքից հեռացնելու մասին, որ փրկեն նրա կյանքը, բայց Արամը նրանց պատասխանեց, թե իր համար գերադասելի է թուրքերի ձեռքով կախաղան բարձրանալ Ազգային խորհրդի շենքի առջև, քան հեռանալ քաղաքից: Ապա ավելացրեց, որ քաղաքից հեռանալու մասին չէ, որ պետք է մտածել, այլ քաղաքը փրկելու մասին:
Եվ իրոք, ոչ միայն քաղաքը, այլև երկիրը փրկվեց թուրքական սպասվող ստրկացումից, կոտորածից, հայ ժողովրդի գլխին կախված նոր յաթաղանից, ասել է` թե հայ ժողովրդի լինելիության հարցն էր դրված Արամի և իր ընկերների առջև, որ այդպես հաջողությամբ կարողացան գլուխ բերել:
Ինչպես ասվեց, նոր կառավարությունում Արամ Մանուկյանը վարում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Արամ Մանուկյանի ներքին գործերի նախարար դառնալու մասին Սիմոն Վրացյանը ասել է. «Արամը միակ մարդն էր, որ այդ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրություն պահել երկրում և պետական շինարարություն սկսել»:
Լինելով նաև դիվանագետ` նա օգտագործում էր ամեն հնարավորություն, եթե դա բխում էր երկրի շահերից:
Երբ Խալիլ փաշան գալիս է Երևան, Արամ Մանուկյանի հետ սրտառուչ հանդիպում է ունենում: Այդ մասին Արամը ասել է. «Այո՛, այս ժողովրդի փրկության համար համբուրեցինք մինչև իսկ Խալիլին»: Հենց այս նույն Խալիլ փաշայի ջանքերով Կարսից ահագին քանակությամբ փամփուշտ ստացավ երկիրը, ճիշտ է, Խալիլը դա արել էր սեփական կաշին փրկելու համար, բայց կարևոր էր, որ Արամը այդ պահը կարողացավ օգտագործել լուրջ ռազմական պաշար երկիր մտցնելու համար:
Ավա՜ղ, Արամը երկար չապրեց և գուցե այլ ճակատագիր չունենար Հայաստանի Հանրապետությունը, եթե Արամը լիներ 1920թ.-ի հայ-թուրքական պատերազմի շրջանում, Խորհրդային Ռուսաստանի վարած Հայաստանի խորհրդայնացման ժամանակ: 1918թ.-ին նա արդեն կարողացել էր համախմբել ժողովրդին և հաղթանակ տանել և իրավամբ համարվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրը և այդ անգամ էլ էր անպայման իր գործը կատարելու, բայց հիվանդությունը չթողեց:
Բծավոր տիֆը 1918թ.-ի վերջին և 1919թ.-ի սկզբին Երանում առատ հունձ արեց: Դրան զոհ գնաց նաև Արամը: Նա մահացավ հունվարի 29-ին: Արամի հուղարկավորությունը համաժողովրդական մեծ սուգ էր: Հազարավոր մարդիկ եկել էին վերջին հարգանքը մատուցելու այն մարդուն, որին վստահել էին իրենց բախտը կյանքի ամենածանր օրերին:
Արամ Մանուկյանի դերը մեծ է Հայաստանի անկախության կայացման գործում: Այսօր նրան պետք չէ մոռանալ, որովհետև նրա պես պետական-քաղաքական գործիչները հայոց պատմության մեջ քիչ են եղել: Հայոց պատմությունը լի է եղել տարբեր հերոսներով, բայց Արամի պես կազմակերպիչներից կարող ենք նշել մի քանիսին: Արամը նրանց մեջ փայլում է իր անհատականությամբ:
Արամը հայոց պատմության այն գործիչներից էր, որի ջանքերը զուր չանցան: Ճակատագրի բերումով նա հանդես էր գալիս հատկապես այն ժամանակներում, երբ ազգի գոյությանը վտանգ էր սպառնում, երբ կասկածի տակ էր հայության լինել չլինելու հարցը. նա ծնվել էր, որ կարողանար իր անձնական հատկանիշներով ժողովրդին համախմբել մի ընդհանուր գաղափարի շուրջ:
Շատ պատահաբար հանդիպեցի այս հոդվածին. կարծում են բավականին հետաքրքրաշարժ է:
Հոդվածը գրեկ է Մեջլումյան Գուրգենը
ՀՀ ՊԿԱ Հանրային կառավարում
Tagged , ,